Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Խաչատրյանի պաշտպանը կդիմի Վերաքննիչ դատարան: NEWS.am-ի հետ զրույցում պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ դատարանի դատավճիռը բացարձակապես անհիմն է եւ ներպետական ատյանները սպառելուց հետո բողոք է ներկայացնելու մինչեւ ՄԻԵԴ:

«Դեռ դատավճիռը չենք ստացել, չենք ծանոթացել: Բայց դիմելու ենք եւ Վերաքննիչ դատարան եւ ներպետական ատյանները սպառելուց հետո նաեւ ՄԻԵԴ ենք դիմելու, քանի որ անհիմն է դատավճիռը` հիմնված աղավաղված ապացույցների վրա»,-ասաց պաշտպանը:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը Նարեկ Խաչատրյանի համար 15 տարվա ազատազրկում էր պահանջել, Նարեկ Խաչատրյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանն իր պաշտպանական ճառում միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝  մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը: Նա կալանավորված է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ճանաչում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: