«Եթե նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ մենք չենք հերքում, որ Թուրքիայում հայերի հետ աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել»: Այս մասին Վաշինգտոնում նոյեմբերի 29-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, այժմ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման տեսանկյունից եւս մեկ քայլ առաջ է գնացել` արձանագրություններ ստորագրելով: «Ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէր խոսվում հայկական հարցի մասին, այժմ մեր հասարակությունն ազատորեն քննարկում է այն»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Դավութօղլուի ներկայացմամբ, թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջեւ խնդիրներ են առաջացել: Թուրքիայի արտգործնախարարը ցեղասպանության պատճառը տեսնում է Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացմամբ:

Իրադարձություններից ընդամենը մեկ տարի առաջ, այսինքն` 1914-ին, Դավութօղլուի խոսքով, Թուրքիայում հայ նախարարներ կային, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում Թուրքիան ներկայացվում էր ազգությամբ հայ դեսպանների կողմից, իսկ օսմանյան աղբյուրներում հայերը հիշատակվում էին որպես «ամենահավատարիմ հպատակներ»:

«1915-ը կարեւոր տարեթիվ է հայերի համար, սակայն պետք է հիշել, որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250 000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում, որոնց թվում էր նաեւ պապս»,- ասել է նա:

Դավութօղլուն ասել է, թե չի ուզում արդարացնել որեւէ սխալ: «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում»:

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին, թե արդյոք Թուրքիայում հաջորդ տարի սպասվող ընտրություննե՞րը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությո՞ւնը, թե՞ այլ պատճառներ կան հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացնելու համար, Դավութօղլուն պատասխանել է, թե «ցավոք սրտի Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով բացառեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչը կարեւոր էր Թուրքիայի համար»:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր երկրի տեսանկյունից հայ-թուրքական արձանագրությունների նպատակներն են. բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների միջեւ, հասնել հարաբերությունների նորմալացման հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ամբողջ աշխարհում, կայունություն հաստատել կովկասյան տարածաշրջանում:

Վերջին ուղղությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ահմեդ Դավութօղլուն կրկին հայտարարել է, թե համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: