«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որը ի թիվս այլ պատգամավորների՝ մեծ սկանդալով Ծառուկյանից կորզեց մանդատը, ավելի հաճախ է մասնակցում խորհրդարանի նիստերին, քան օրինակ դաշինքի երիտասարդ պատգամավորները, հատկապես, Ծառուկյանի փեսաները։ Արդյո՞ք մանդատի համար մղած պայքարն արդարացնելու նպատակով է ավագ սերնդի պատգամավորն ավելի հաճախ այցելում խորհրդարան եւ որպես ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ՝ ինչ կարծիք ունի իշխանության մասին։ NEWS.am –ի հետ զրույցում պատգամավորը պատասխանել է այս հարցերին։
Պարոն Ազիզյան, ակտիվ մասնակցում եք խորհրդարանի նիստերին, Ծառուկյանը գո՞հ է Ձեզանից։
Ես Ծառուկյանին չեմ հարցրել՝ գո՞հ ա, թե՝ չէ, համենայնդեպ ամբողջ կյանքումս որտեղ աշխատել եմ, ինձնից շատ գոհ են եղել...
Դուք ավելի ակտիվ եք հաճախում, քան ձեր խմբակցության երիտասարդները, ինչո՞ւ...
Չգիտեմ... ինձ մի մեկուսացրեք խմբակցությունից, ոնց որ բոլորը, նենց էլ ես։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր՝ իշխանությունը թիկունքում չի զգում ընդդիմության շունչը, ինչու «Ծառուկյան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն։
Ընդդիմությունը եւ իշխանությունները կոչված են նույն գործը անելու, բոլորի նպատակն է, որ երկրում համակարգային փոփոխություններ լինեն, տնտեսության վիճակը, ժողովրդի վիճակը կլավանա։ Ընդդիմությունը պասիվ–ակտիվ ա, դա ինչ կապ ունի։ Եթե ժողովրդի համար մի լավ բան են անում, կարեւոր չի՝ սեւ ակնոցները դնես, ասես՝ ես ընդդիմադիր եմ։
Ի՞նչ լավ բան է արել իշխանությունը, հենց այս իշխանության օրոք երկրից արտագաղթել է 350 հազար մարդ, սա լա՞վ բան է։
Շատ վատ բան է, իսկ գիտե՞ք՝ ուրիշ երկրներից ինչքան արտագաղթ կա, մենք շատ փոքր ենք որպես պետություն, դրա համար երեւում ա 350 հազար մարդու արտագաղթը։ Էդ մարդիկ էլ տրանսֆերներ են ուղարկում, պահում են իրենց ընտանիքներին...
Ընտանիքներով են արտագաղթել եւ հաստատվել այլ երկրներում, դարձել այլ երկրի քաղաքացի...
Երբ կարգավորվի, բոլորը ժամանակին կամաց–կամաց հետ կգան։
Ե՞րբ պիտի կարգավորվի, ո՞ւմ իշխանության օրոք։
Գագիկ Ծառուկյանի օրոք, եւ կիրականացվի մեր դաշինքի ծրագրերը եւ հետ կգան մարդիկ։
Ուզում եք ասել՝ Գագիկ Ծառուկյանը կդառնա վարչապե՞կամ նախագա՞հ...
Կգա, կգա էդ օրը, շուտ կգա.... Գագիկ Ծառուկյանը միակ մարդն ա, որին հավատալով կարող ա վերադառնան ու էս երկրում ներդրում անեն։
Ե՞րբ կգա էդ օրը, 2018–ի՞ն, 2022–ի՞ն, ե՞րբ...
Կգա էլի, կամաց–կամաց կգա, արդեն մոտենում ա, ոչ մի բան չի բացառվում։ Համենայնդեպս պիտի Ծառուկյանին ձեռքերի վրա պահեն...
Իշխանությո՞ւնը ձեռքերի վրա պահի...
Բոլորը, նաեւ իշխանությունը, միայն Ծառուկյանի օրոք կվերադառնան ու ներդրում կանեն։





























