Հայաստանի առեւտրային բանկերում կա 192 հազարից էլ քիչ ժամկետային ավանդ։ Ենթադրենք, որ դրանց սեփականատերերը նույն քանակության ընտանիքներ են։ Այդ դեպքում ստացվում է, որ ժամկետային խնայողություններ ունի մեր բնակչության մոտ մեկ քառորդը։ Բայց հաշվի առնենք, որ կարելի է ունենալ մի քանի ավանդ, ընտանիքի տարբեր անդամների անուններով կամ էլ մի քանի բանկերում։ Դրա համար էլ չի բացառվում, որ ժամկետային ավանդներ ունեցող ընտանիքների քանակը նշվածից քիչ է։

Դիտարկենք ավանդների մասին ցուցանիշները՝ 2012-2017 թթ, հունվար –մայիս ժամանակահատվածում։ Այդ ժամանակահատվածում ժամկետային ավանդները (թե դրամով, թե արտարժույթով) աճել են 2․3 անգամ, մինչդեռ ցպահանջ ավանդները՝ 1․8 անգամ։ Ընդ որում դրամով ժամկետային ավանդներն ավելացել են 2․8 անգամ, իսկ արտարժույթով՝ 2․2 անգամ։ Բայց չնայած գերազանցող աճին, դրամով ժամկետային ավանդները գումարով  2․3 անգամ զիջում են արտարժույքով ժամկետային ավանդներին։

Դրամով ժամկետային ավանդները գրավիչ են այն քաղաքացիների համար, որոնք ուզում են ավելի շատ գումար ստանալ տոկոսով։ Չէ՞ որ արտարժույթով ավանդների համար համեմատաբար ցածր տարեկան տոկոսները, դոլարի կամ եվրոյի քիչ թե շատ կայուն փոխարժեքի պայմաններում այնքան էլ գրավիչ չեն ավանդատուների համար։ Այստեղ դեր է կատարում արդեն մեկ այլ դրդապատճառ՝ դոլարով կապիտալի պահպանումը որոշակի ժամանակաշրջանում։

Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին հասնող ապրանքների վաճառքի մակարդակը բավականին ցածր է (նույնիսկ հաշվի առնելով հսկայական «ստվերը»)։ Մինչդեռ 2015-2016 թթ․ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով կրճատվել է։ Հասկանալի է, որ այդ հետընթացը կապակցված է եղել բնակչության գնորդական ֆոնդերում բացասական տեղաշարժերի հետ։ Իհարկե ոչ ամբողջ հասարակության, այլ դրա մի մասի։ Պատճառը, ինչպես հայտնի է, Ռուսաստանից դրամական փոխանցումների զգալի կրճատումն էր։

Եզրակացությունը միանշանակ է՝ բնակչության մի մասը՝ ռուսական փոխանցումների ստացողներից, ստիպված է եղել կրճատել ապրանքների սպառման մակարդակը։ Այդ թվում, կարելի է ենթադրել՝ նաեւ սննդամթերքի։ Իսկ մեր հասարակության մյուս ՝ ավելի փոքր մասը, ենթադրաբար ավելացրել է իր ֆինանսական կապիտալը, բանկերում ժամկետային ավանդների տեսքով։

Դատելով պաշտոնական տվյալներից, հունվար- մայիս ամիսներին մանրածախ ապրանքաշրջանառության իրավիճակը բարելավվել է։ Ազդել է Ռուսաստանի դրամական փոխանցումների այդ նույն գործոնը, որոնց գումարը ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճի միտում է դրսեւորել։ Բայց արդյոք այդ միտումը կպահպանվի մոտ հեռանկարում՝ դեռ բարդ է կանխատեսել։

Ստորեւ ներկայացված աղյուսակում մանրածած ապրանքաշրջանառության ծավալի դիմանիկան է (ընթացիկ գներով) 2012-2017 թթ. հունվար- մայիս ամիսներին, նաեւ բնակչության ավանդների գումարը՝ յուրաքանչյուր տարվա մայիսի վերջի դրությամբ։ Տվյալները ներկայացված են մլրդ․ դրամներով

Սմբատ Գրիգորյան