Գեղարքունիքի Ներքին Գետաշեն գյուղում 60-ամյա մորը սպանելու մեջ մեղավոր ճանաչված 27-ամյա Տիգրանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Տիգրանին անմեղսունակ էր ճանաչել ու որոշում կայացրել կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման: Տիգրանի պաշտպանը, սակայն, Վերաքննիչ քրեական դատարան էր դիմել՝ պահանջելով կամ արդարացնել իր պաշտպանյալին կամ հետ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով քննության:

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 8-ին Ներքին Գետաշեն գյուղում դանակահարված կնոջ դի էր հայտնաբերվել: Պարզվել էր, որ դեպքի պահին 60-ամյա կինը տանը գտնվել է որդու հետ միասին։ Անձնական հարցերի շուրջ վիճաբանելով մոր հետ՝ որդին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր հասցրել մոր կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին։ Ստացած մարմնական վնասվածքներից Օ.Խաչատրյանը տեղում մահացել էր: