«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը 14-րդ անգամ է Երեւանում անցկացվում, ընդլայնել է բացօթյա ցուցադրությունների աշխարհագրությունը: Այսպես` անցյալ տարիներին դիտումներն անցկացվում էին Կարապի լճում եւ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ` Շառլ Ազնավուրի հրապարակում: Այս տարի ցուցադրություններ կանցկացվեն նաեւ Կասկադ համալիրի տարածքում, Նոր Նորք վարչական կենտրոնում` Գայի արձանի մոտ, «Հայաստան» կինոթատրոնի մոտ, Սիրահարների այգում եւ Ազատության հրապարակում: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` հավելելով, որ Կարապի լճի մոտ նաեւ համր ֆիլմերի դիտումներ կացկացվեն:
Փառատոնային ֆիլմերից բացի, տեղի կունենա Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի եւ Սերգեյ Իսրայելյանի ֆիլմերի ցուցադրություն, իսկ Աստղերի արահետում կհայտնվեն նրանց անունները:
Փառատոնի շրջանակում` հուլիսի 9-ից 16-ը ամեն օր, ժամը 21.00-ից մինչեւ 23.00 Շառլ Ազնավուրի հրապարակում հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարությամբ համերգներ կտրվեն տարբեր ջազ խմբերի կատարմամբ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը ներկայացրեց կազմակերպական հարցերում կատարված որոշ փոփոխությունները:
Օրինակ` ռեժիսորը նշեց, որ անցած տարիներին որոշ կինոնկարների ցուցադրությունը դիտել հնարավոր էր բացառապես հրավիրատոմսերով, որոնք նեղ շրջանակում էին տարածվում, որն ինչ-որ իաստով անարադարացի էր: Այս տարի կազմակերպիչները յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն են տվել մոտենալ դրամարկղին եւ փակ ցուցադրությունների հրավիրատոմս գնել:
Անդրադառնալով ծրագրից ԼԳՏԲ թեմային նվիրված 2 ֆիլմերի բացառմանը` «Ծիրանի այգիներ» եւ «Լսիր ինձ», Խաչատրյանը պարզաբանեց, որ գլխավոր պատճառը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի անսպասելի մահն է: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմերի շուրջ աղմուկն արհեստականորեն բարձրացրել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն ո´չ կինոյի, ո´չ փառատոնի կազմակերպիչների հետ:
«Այս ֆիլմերը մրցութային չեն, սակայն ժամանակին պայմանավորվել էինք դրանք ցուցադրելու մասին, քանի որ բացի մշակութային արժեք ներկայացնող ֆիլմերից, մենք նաեւ այն ֆիլմերն ենք ցուցադրում, որոնք հետաքրքիր են տեղեկատվություն տրամադրելու եւ դրանցում բարձրացված խնդիրների տեսակետից: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք դրանք կվերականգնենք ծրագրի մեջ»,- ասաց ռեժիսորը` ընդգծելով, որ փառատոնն ազատ եւ ճկուն հարթակ է:
Խոսելով «Թող լինի լույս» մրցանակի մասին, որն ամեն տարի փառատոնի շրջանակում շնորհում է Հայ առաքելական եկեղեցին, Խաչատրյանը նշեց, որ այս տարի այն կշնորհվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-ից 16-ը` «Մշակույթների եւ քաղաքակրթությունների խաչմերուկ» նշանաբանով: Միջոցառման շրջանակում կցուցադրվեն բազմաժանր ֆիլմեր: Հյուրերի թվում են ռեժիսորներ Հյու Հադսոնը (Մեծ Բրիտանիա), Իլդիկո Էնյեդին (Հունգարիա), Սիրո Գերրան (Կոլումբիա) եւ Ալեքսեյ Ֆյոդորչենկոն (Ռուսաստան):
Փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի «Խաս փուշ» (1927 թվական) ֆիլմով, իսկ կավարտվի Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ցուցադրությամբ:





























