«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը շուկա է հանում Trainings.am նոր բրենդը` համանուն կայքի հետ միասին: Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին կենտրոնի մամուլի ծառայությունից, Trainings.am-ը կներկայացի բիզնես ուսուցողական ծառայությունների մի քանի տարբերակներ, բաց դասընթանցեր`  կիսամյակային հստակ ժամանակացույցով, կորպորատիվ դասընթացներ` ուղղված կոնկրետ ընկերության խնդիրների լուծմանը, անհատական քոուչինգներ` տնօրենների եւ մենեջերների համար, թիմերի կառուցման եւ ռիթրիթի միջոցառումներ` ուղղված անձնակազմի ներգրավվածությանը ռազմավարական պլանավորման գործընթնացներում:

«Բի Էս Սի»-ի տնօրեն Սամվել Գեւորգյանը նշեց, Հայաստանի մասնավոր ձեռնարկությունների մոտ նկատվում է հետաքրքրության աճ թրեյնինգների, սեմինարների  եւ տարբեր բիզնես ուսուցողական ծառայությունների նկատմամբ: «Մասնավոր ընկերություններն ավելի մեծ ուշադրություն են սկսում դարձնել աշխատակազմի ուսուցման եւ վերապատրաստման հարցերին: Ներկայումս անձնակազմի վրա ծախսվող գումարերն սկսել են ընկալվել, ոչ թե որպես ծախսեր, այլև ներդրումներ»,- ասաց Գեւորգյանը:

Նշենք, որ ընկերությունն առաջարկում է նոր ծառայություն`ինտերակտիվ, բացառապես պրակտիկ, իրական օրինակների հիման վրա եւ կոնկրետ լուծումներ առաջարկող վարպետության դասեր (մասթեր-կլաս): Ըստ Գեւորգյանի՝ Trainings.am-ի  նպատակներից մեկն է փորձառու գործարարների եւ լավագույն մասնագետների կուտակած փորձը եւ հաջողության հասնելու գաղտնիքները ներկայացնելու հայաստանյան բիզնես ոլորտի ներկայացուցիչներին:

Տեղեկացնենք, որ Trainings.am կայքում հնարավոր է քվերակությունների   բաժանորդագրության միջոցով ընտրել դասընթացների թեմաները, եւ ստանալ համապատասխան նյութեր էլեկտրոնային փոստի հասցեին:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC Business Support Center) խորհրդատվական, բիզնես-ուսուցողական, հետազոտական ծառայություններ մատուցող եւ բիզնես գրականության հրատարակող ընկերություն է` հիմնադրված 1994թ.-ին: «Բի Էս Սի»-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ուղղված Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Վրաստանում եւ Բելառուսում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: