Ադրբեջանի ռեժիմը չպետք է պատրանքներ ունենա. այն երբեք ԵՄ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի չի հասնի, ինչպիսին Բրյուսելն ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ այլ երկրների հետ: Այս մասին ասված է «Osservatorio Balcani e Caucaso» իտալական հետազոտական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում:

Հեղինակը նշում է, որ Բաքվի իշխանությունները եվրոպական արժեքներին՝ մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը, հավասարությանն ու օրենքի գերակայությանը հավատարիմ են միայն հրապարակային հայտարարություններում: Ակնհայտ է, որ օրենքի գերակայության մասին Ադրբեջանի ղեկավարության պատկերացումները բոլորովին այլ հարթության վրա են, քանի որ նրանց երկրում լրագրողներին վայրագորեն սպանում են, ձերբակալում, շանտաժի ենթարկում սեքսուալ բնույթի տեսագրություններով:

Հոդվածում նշվում է, որ նման վերջին օրինակներից է լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքը, որին առեւանգել ու ձերբակալել են: «Մինչդեռ իշխանությունները հանգստացնում են եվրոպացի առաջնորդներին՝ հայտարարելով, որ Մուխթարլին հանցագործ է, ինչպես 147 քաղբանտարկյալները, որոնք ճաղերի հետեւում են հայտնվել: Նրանք, ովքեր հակառակն են հայտարարություն, հայկական լոբբիի եւ արեւմտյան իրավապաշտպան խմբերի կողմից ֆինանսավորվող հակաադրբեջանական ցանցի մասն են, որոնք կույր են ու չեն տեսնում բարեփոխումները, որոնք երկրում կատարվել են Հեյդար Ալիեւի եւ նրա որդի Իլհամ Ալիեւի ժողովրդավարական ղեկավարությամբ, իսկ վերջինին էլ հիմա սատարում է նրա կինը՝ առաջին տիկին եւ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան»,- նշված է հոդվածում:

Հեղինակի խոսքով՝ ադրբեջանական «խավիարային դիվանագիտությունը», եվրոպացի որոշ քաղաքական գործիչների կոռումպացվածությունը եւ միջազգային մակարդակով էներգետիկայի կարեւոր դերը, անկասկած, երկրին թույլ են տվել այլընտրանքային պատկեր ներկայացնել այն ամենի, ինչ իրականում տեղի է ունենում երկրի ներսում:

Ըստ հեղինակների՝ ոմանք դեռ ձեւացնում են, թե հավատում են այդ շոուին, որի օգնությամբ Ադրբեջանը երկրում աճող ժողովրդավարություն է ներկայացնում: Նրանցից են, օրինակ Եվրախորհրդարանի պատգամավոր Իվետա Գրիգուլեն կամ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:  

Նավթադոլարների միջոցով կարող են օգնել լոբբինգ իրականացնել Եվրոպայի խորհրդում կամ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների շրջանում, բայց նրանց թիվը երբեք բավարար չի լինի՝ քողարկելու Ադրբեջանի թուլացող արժույթը, քայքայվող ինստիտուտները, ենթակառուցվածքների բացակայությունը եւ իշխանությունում մաֆիայի դերը: