Ռուսաստանի նախաձեռնած «ԼՂ կարգավորման հիմնական սկզբունքները» անվամբ համընդգրկուն փաստաթղթի տակ Հայաստանը կստորագրի, թե`ոչ, պայմանավորված է նրանով, թե Ղարաբաղի անկախության ինքնորոշման իրավունքը կհարգվի թե ոչ, և ինչպես կտրվեն անվտանգության երաշխիքները:
Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են հայկական կողմի համար ընդունելի ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի նախագահի նախաձեռնած փաստաթղթում առկա դրույթները: Եթե այդ սկզբունքները նշված չեն, ապա որեւէ փաստաթուղթ հայկական կողմը չի կարող ստորագրել»,- ասաց Կարապետյանը, հավելելով, որ, սակայն, որ փաստաթղթի մանրամասները նշված չեն, եւ դեռեւս պարզ չէ` ինչի մասին կխոսի Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:
Խոսելով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի սպասելիքներից` պատգամավորը նշեց. «Աստանայի գագաթաժողովից սպասելիքն այն է, որ ադրբեջանական կողմը վերջապես հասկանա, որ հնարավոր չէ վերադառնալ խորհրդային շրջանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, եւ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցանկանում է համընդգրկուն փաստաթուղթ մշակել Ղարաբաղի «կարգավորման հիմնական սկզբունքները» անունով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նպատակն է մշակել «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվամբ համընդգրկուն փաստաթուղթ, որը ցույց կտա խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքի հիմնական ուղությունը: «Սկզբունքների հիմնական մասով համաձայնություն է ձեռք բերվել, բայց լուրջ խնդիրները դեռ մնում են»,- ասել է նա:





























