Զիմբաբվեի 93-ամյա նախագահը Սինգապուրում է գտնվում «պլանային բժշկական հետազոտության» համար, հայտնում է Reuters-ը։

«Նախագահ Մուգաբեն ուղեւորվել է Սինգապուր՝ սովորական բժշկական հետազոտություն անցնելու համար»,- հայտնել է պարբերականը՝ նշելով, որ նա կվերադառնա երկիր հաջորդ շաբաթվա կեսերին։

Վերջին տարիներին Մուգաբեի բժշկական ուղեւորությունները Սինգապուր հաճախացել են։ Նրա նախորդ այցելությունը մայիսին էր։

2011 ու 2014 թթ նա աչքի վիրահատության է ենթարկվել Սինգապուրում։ Այդ ժամանակվանից հետո Մուգաբեն դժվարությամբ է քայլում ու երբեմն էլ հանդիպումների ժամանակ ննջում է։

Նրա առողջությունը վերջին տարիներին շահարկումների առարկա է դարձել ու իշխանությունները մարտին կալանավորել են երկու լրագրողների այն հաղորդագրության համար, որը պնդում էր, թե  «նա վատ վիճակում է»։ 2016-ին կառավարությունը ստիպված էր հերքել այն լուրը, որ նա մահացել է արտասահմանում իր ամենամյա արձակուրդի ժամանակ։

Մուգաբեն հրաժարվում է հայտնել իր իրավահաջորդի անունը։ Չնայած Մուգաբեի տարիքին՝ նրա կուսակցությունն անցած տարի նրա թեկնածությունն է առաջադրել 2018-ի նախագահական ընտրությունների համար։