Բացօթյա սրճարանների գործունեությունը չպետք է խոչընդոտի հետիոտնի տեղաշարժին։ Այդ մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին եւ հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետեւել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առեւտրի օբյեկտների սառնարանները: Խստորեն հետեւեք, որ տնտեսվարողները չգերազանցեն իրենց գործունեության համար հատկացված տարածքների սահմաններն ու այդպիսով խոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղաշարժը: Սա անթույլատրելի է», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, առեւտրի եւ սպասարկումների վարչություններին, հասարակական կարգի պահպանության ծառայությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետեւել, որպեսզի բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալները իրենց աշխատանքները կազմակերպեն բացառապես հատկացված տարածքներում: