Ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ ՀՀ իշխանությունները ձգձգում են համաներումը, NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է մարդու իրավունքների նախկին պաշտպան, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Վերջինիս կարծիքով, ՀՀ իշխանությունները ծանրութեթեւ են անում, թե ինչպես կընկալի հասարակությունը համաներման ուշ կամ շուտ հայտարարումը։ Այս հարցի վերաբերյալ նման մոտեցումը «Ժառանգության» պատգամավորը համարել է «լաբորատոր քաղաքականություն»։ «Նման դեպքերում խիստ իրավական մոտեցումները չեն գործում», ասել է նա։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել էր Հայաստանի Հանրապետությունում համաներում հայտարարելու հարցը: ՀՀ նախագահը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել էր մինչև 2009թ հունիսի 15-ը ներկայացնել համաներման պայմանների և իրավական ընթացակարգերի առաջարկներ: Համաներում հայտարարելու առաջարկով ՀՀ նախգգահին օրերս դիմեց նաեւ հասարակական խորհուրդը: Նրա անդամների կարծիքով համաներումը պետք է տարածվի նաև 2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասնակիցների վրա, երբ ոստիկանության և ընդդիմության բախման ընթացքում զոհվեց 10 մարդ:
Հավելենք, որ խորհուրդը ընդունել է նաև որոշում, ըստ որի, համաներումը չպետք է տարածվի այն կալանավորների վրա, ովքեր նախկինում համաներումով ազատ են արձակվել, սակայն կրկին խախտել են օրենքը, ինչպես նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձանց եւ ընտրական գործընթացների զեղծարարների վրա։
Նշենք, որ հունիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ասել էր, թե Հայաստանում համաներում հայտարարելու օրենքի նախագիծը մշակվելու է 1 շաբաթվա ընթացքում, սակայն, իր խոսքերով, բուն համաներման գործընթացը կարող է ձգվել մինչև 2 ամիս:



























