Այսօր` դեկտեմբերի 1-ին առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում «Մարմարի աշխարհ» խանութի դիմաց միմյանց են բախվել «Գազել» մակնիշի 304 ՍՕ 64 համարանիշի բեռնատարն ու «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 13 ԼՍ 693 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով բեռնատար «Գազելը» շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան:
Այս պահին վթարի վայրում աշխատում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: Վթարի վայր ժամանեց նաեւ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ով սկսեց վթարի վայրում տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարել:
Բեռնատար «Գազել» ավտոմեքենան, որը պատկանում է Armenia Wine ընկերությանը, վարել է 44-ամյա Ժիրայր Ավետիսյանը, իսկ «Տոյոտա Ռավ-4»-ը` 34-ամյա Շուշան Մելիքսեթյանը:
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վթարված ավտոմեքենաները կտեղափոխվեն ՃՈ տուգանայինն հրապարակ, թե` ոչ, կորոշի հետաքննիչը:








Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























