Հայերի նկատմամբ ատելության կոչերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցանկանում է իր դեմքը պահպանել ռազմական եւ դիվանագիտական ֆիասկոյից հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարությունները Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
Նման հայտարարություններով զարմանալու կարիք չկա. առաջին անգամ չէ արդեն, որ Ադրբեջանի նախագահը եւ վերնախավը բանակցությունների ընթացքում մի բան են ասում, իսկ տուն վերադառնալով` տրամագծորեն հակառակը` առանց բանակցային գործընթացի հետ որեւէ կապի ու տրամաբանության, նշեց փոխխոսնակը:
Նրա խոսքով` Ալիեւի ագրեսիայի փորձերն անհաջողություն են կրում: Ցանկանալով դրանք սքողել` նա ցանկանում է իրեն հերոս ցույց տալ` խոսելով Ղարաբաղը վերադարձնելու մասին, այն մասին, որ անցյալ տարվա ապրիլին եւ այս հուլիսին ռազմական ագրեսիան հայկական կողմն է սկսել: «Սակայն աշխարհում բոլորը հրաշալի գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Իսկ այս հարձակումներին ի պատասխան Ադրբեջանը քթին ստացավ ե´ւ ապրիլին, ե´ւ հուլիսին: Եվ հիմա նա կարիք ունի սքողել իր չիրականացված մտահղացումները: Տարածքային ամբողջականությանը հղումները, որոնք մշտապես կրկնում են Ադրբեջանում, սնանկ են: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել եւ չի լինի»,- հայտարարեց Շարմազանովը:




























