Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կնախընտրեր ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին: CBN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա լավ նշան է համարել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը, որը ցույց տվեց, որ երկու երկրները կարող են միայն աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, Սիրիայում հրադադարի հաստատումը: Թրամփը նաեւ հերքել է իրեն ուղղված մեղադրանքները, որ հանդիպումը չափազանց երկար է տեւել (ավելի քան երկու ժամ - խմբ.):

«Կարծում եմ՝ դա լավ է, ոչ թե վատ: Կարծում եմ՝ մենք լավ լեզու գտանք: ԱՄՆ-ն հզոր միջուկային տերություն է: Ռուսաստանը՝ նույնպես: Անիմաստ է հարաբերությունների որոշակի մակարդակ չպահպանելը»,- նշել է Թրամփը:

Նրա կարծիքով՝ Պուտինը կնախընտրեր ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել իր մրցակից Հիլարի Քլինթոնին: «Եթե Քլինթոնը հաղթեր, մեր պաշտպանությունը կոչնչանար: Մեր էներգիան շատ ավելի թանկ կլիներ: Դա այն է, ինչ Պուտինին դուր չի գալիս իմ մեջ: Ես առաջին իսկ օրից ուզում եմ ուժեղացնել պաշտպանությունը, ինչը նրան դուր չի գալիս»,- կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփը: