Թուրքիայում ձերբակալվել են այն անձին, ով հայտարարել էր, թե 18-ամյա աղջկան սպանած Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին կհանձնվի իրավապահներին Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

Այս տարվա մարտի 3-ին սպանված Մունեւեր Քարաբուլութի հոր եւ երիտասարդ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ջեմ Գարիփօղլուի հորեղբոր միջեւ միջնորդ եւ հաշտարար հանդես եկող Ջեմիլ Բարանը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը Ջեմիլ Բարանին հարցրել է, թե որտեղից այն տեղեկությունը, որ սպանության մեջ մեղադրվող Ջեմ Գարիփօղլուն Հայաստանում է եւ կհանձնվի հայաստանյան իրավապահներին։ Երկու ընտանիքների միջեւ միջնորդ եւ հաշտարար ներկայացող Ջեմիլ Բարանը ասել է ոստիկաններին, որ ինքը Ջեմ Գարիփօղլուի Հայաստանում գտնվելու մասին լսել է ավտոբուսի մեջ մի ծեր մարդուց եւ այդ լուրը փոխանցել լրագրողներին։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական Haberturk կայքէջում սեպտեմբերի 3-ին հայտնվել էր երկու ընտանիքների միջեւ միջնորդի դեր ստանձնած Ջեմիլ Բարանի հայտարարությունը, որ աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին կհանձնվի իրավապահներին Հայաստանում։

Այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբամանում հայտնաբերվել էր 18-ամյա Մունեւեր Քարաբուլութի դին՝ կտրված գլխով։ Սպանության մեջ կասկածվում է նրա ընկերը, ում հետ արդեն երեք ամիս ընկերություն էր անում Մունեւեր Քարաբուլութը։ Նրա ընկերը Թուրքիայում հայտնի գործարարի 18-ամյա որդին է, որի անունն է Ջեմ Գարիփօղլու։ Սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկել է Գարիփօղլուի շքեղ եռահարկ առանձնատունը, որտեղ անզեն աչքով իսկ երեում էին սպանության հետքերը։ Հայտնի է, որ սպանությունից հետո Ջեմ Գարիփօղլուն զանգել է հորը եւ շտապ տուն կանչել։ Այնուհետ նա փախուստի է դիմել։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջեմը գտնվում է Ռուսաստանում։

Իսկ, ահա, հետագայում հայտնի դարձավ, որ սպանված Մունեւեր Քարաբուլութի ընտանիքը եւ Ջեմ Գարիփօղլուի ընտանիքը միջնորդի օգնությամբ հաշտության են եկել, որի արդյունքում նրանց հաշտարար Ջեմիլ Բարանը հայտարարել էր, թե Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին Հայաստանում կհանձնվի ոստիկանությանը։

Հայտնի է դարձել, որ Ջեմի ընտանիքը, որպես փոխհատուցում, Քարաբուլութի ընտանիքին կվճարի 3 միլիոն եվրո։ Մինչ այս, Ջեմի ծնողները վախենում էին, որ Քարաբուլութի ազգականները կսպանեն Ջեմին եւ հիմա, հաշտեցումից հետո համաձայնեցին իրենց որդուն հանձնել իրավապահներին։