Վաղը, դեկտեմբերի 2-ին Ցյուրիխում հայտնի կդառնան 2018թ. եւ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրները: ՖԻՖԱ-ի կենտրոնական գրասենյակում այսօր, դեկտեմբերի 1-ին արդեն սկսել են իրենց հայտերի շնորհանդեսը 2022թ. աշխարհի առաջնության անցկացման հավակնորդ երկրները` Ավստրալիան, Հարավային Կորեան, Քաթարը, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան: Յուրաքանչյուր հայտի ներկայացմանը հատկացվում է մեկ ժամ:

2018թ. աշխարհի առաջնության թեկանծուները հայտը կներկայացնեն վաղը, դեկտեմբերի 2-ին: Ըստ հերթականության` հանդես կգան Բելգիան ու Հոլանդիան եւ Իսպանիան ու Պորտուգալիան համատեղ, այնուհետեւ` Անգլիան ու Ռուսաստանը:

Ռուսական պատվիրակությունում Ցյուրիխ են մեկնել ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, ՖԻՖԱ-ի պատվավոր անդամ Վյաչեսլավ Կոլոսկովը, գործարար Ռոման Աբրամովիչը, Ռուսաստանի հավաքականի հարձակվող Անդրեյ Արշավիը, նաեւ հայտնի դիրիժոր Վալերի Գերգիեւը եւ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի մեկնի Ցյուրիխ` ՖԻՖԱ-ի պաշտոնյաների վրա ճնշում չգործադրելու համար եւ նույնը հորդորել է նաեւ գործընկերներին:

Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, արքայազն Ուիլյամի եւ ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ արդեն Ցյուրիխում է:

ԱՄՆ-ի հայտին նախկին նախագահ Բիլ Քլինթոնից բացի կաջակցի նաեւ հոլիվուդյան աստղ Մորգան Ֆրիմենը, Ավստրալիայինը` թոփ-մոդել, դերասանուհի Էլ Մաքֆերսոնը: Բելգիայի եւ Հոլանդիայի հայտը ներկայացնում են երեք հայտնի մարզիչներ` Յոհան Կրոյֆը, Գուս Հիդինկը եւ Ռուդ Գուլիտը:

Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ պատվիրակությունն ավելի համեստ է ստացվել: Ֆիգուի, Ռոնալդուի, Չավիի փոխարեն ժամանելու է միայն Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը:

Հյուրերի ցուցակում ուշադրություն են գրավում նաեւ Sony կորպորացիայի ղեկավար. սըր Հովարդ Ստրինգերը, որը ներկայացնում է Ճապոնիայի հայտը, Հարավային Կորեայի վարչապետը եւ Քաթարի էմիրը: