Այսօր` դեկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի նախագահ Պալ Շմիթի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք ավելի են ամրապնդվել Հունգարիայի խորհրդարանում հայ-հունգարական բարեկամության խմբի ստեղծմամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին եւ ժողովրդին` հայկական համայնքի նկատմամբ ջերմ եւ բարյացկամ վերաբերմունքի, համայնքի կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման համար:

Սերժ Սարգսյանը եւ Պալ Շմիթն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին` նկատի առնելով, որ հաջորդ տարի Հունգարիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը: Պալ Շմիթն ընդգծել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: