Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում են Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունից, երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի ժամանակով 22:50-ին` Վրաստանի Քութայիսի քաղաքից 75 կմ դեպի հյուսիս-արևելք` 4,1 մագնիտուդով, որի ուժգնությունը էպկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Ի տարբերություն մեկ օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի, այս անգամ, երկրաշարժի ցնցումները զգալի չեն եղել Հայաստանի տարածքում:

Ըստ վրացական լրատվամիջոցների, սեյսմոլոգները կարծում են, որ այս ամսվա ընթացքում էլի կլինեն ստորգետնյա նման ցնցումներ:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ժամը 2:41-ին, Վրաստանի տարածքում Քութայիսի քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնում ստորերկրյա ցնցումների ուժը հասել էր 8 բալի: Թբիլիսիում ցնցումները կազմել են 5 բալ: Այդ երկրաշարժը խուճապ էր առաջացրել բնակչության շրջանում: Ստորերկրյա ցնցումներ զգացվել էին նաեւ Հայաստանի տարածքում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Նոյեմբերյանում, որտեղ ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ: