WikiLeaks կայքի տեղեկությունները սադրիչ բնույթ են կրում, որոնց նպատակն է վարպետորեն իրար հետ կռվացնել Ադրբեջանին եւ Թուրքիային: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը:
Բարձրաստիճան պաշտոնյան փաստացի խոստովանել է, որ նախագահ Իլհամ Ալիեւը վիրավորական ելույթներ է ունեցել Թուրքիայի հասցեին: «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ կողմնակից է էներգակիրների դիվերսիֆիկացմանը, որպեսզի երկիրը կախվածության մեջ չդնի»,- ասել է Հասանովը՝ հայտարարելով, թե Wikileaks-ը վարպետորեն խմբագրել է Ալիեւի խոսքերը:
Նշենք, որ Ալիեւի հայտարարությունների բացահայտումը հարուցել էր ալիեւյան կլանի բուռն հիստերիան, իսկ մամուլի ծառայությունը հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահի լեքսիկոնում փողոցային բառեր չկան:





























