Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպումից վերջին պահին հրաժարվելը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանի համար ոչ նպաստավոր իրավիճակներում Ալիեւը փախուստի է դիմում: Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
«Սա ինչ-որ տեղ արդեն բնավորության գիծ է: Ըստ էության, Ալիեւն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել դասալքության սինդրոմից»,-ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Արտակ Դավթյանի խոսքով, Ադրբեջանի նախագահի «տղայական» պահվածքը երեւում է ոչ միայն բանակցային գործընթացի ժամանակ, այլեւ Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթերից:
«Թուրքերն ունեն մի լավ բառ «գյադա»: Այդ «գյադայական» պահվածքը հարիր չէ երկրի ղեկավարին, ինչով առաջնորդվում է նա նույնիսկ այն բանից հետո, երբ միջազգային կառույցները` ԵԱՀԿ-ի պատասխանատուները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լարվածության թուլացման կոչ արեցին եւ պահանջեցին հեռացնել դիպուկահարներին շփման գծից: Ադրբեջանը անընդհատ չի կատարում այդ պահանջը եւ այսպիսով տորբեդահարում է դա»,-ասաց Դավթյանը` հավելելով, որ Աստանայում ԵԱՀԿ-գագաթաժողովի ժամանակ գծվեց ճշմարտության այն սահմանները, որը հիմք ընդունելով բանակցային գործընթացը պետք է շարունակվի:





























