Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում կատարված հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գերակայությունը եւ անուղղակիորեն ամրագրվեցին մադրիդյան սկբունքները: Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Այս հայտարարությունում հղում կատարվեց եռանախագահող երկրների ղեկավարների Լ Ակվիլայի եւ Մուսկոկայի հայտարարություններին, որոնցում հստակորեն շեշտադրվում են հենց մադրիդյան սկզբուքները, այդ թվում նաեւ առանց հստակ եւ վերջնական կարգավիճակի, ժամկետների եւ հանրաքվեի`հայկական զորքերի ազատագրված տարածքներից հետ քաշման հանգամանքը»,-ասաց Խուրշուդյանը` հավելելով, որ հերթական անգամ առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների համաձայնության եւ մասնակցության ընդունվեց երրորդ փաստաթուղթը:
«Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ ասաց, որ ադրբեջանական կողմն այս հանդիպումից ակնհայտորեն դժգոհ է:
Խուրշուդյանը նշեց, որ գագաթաժողովում անդրադարձ չեղավ այն խախտումներին, որն Ադրբեջանն իրականացրել է, այդ թվում Մայնդորֆյան հռչակագրում նշված խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքը հարգելու մասով:
«Այս հերթական փաստաթուղթը մեզ համար որեւէ երաշխիք չի կարող հանդիսանալ, որովհետեւ կնքված է մի անվստահելի գործընկերոջ հետ»,-ամփոփելով նշեց «Ժառանգության» մամուլի խոսնակը:





























