ԱՄՆ պետդեպարտամենտում հաստատել են տեղեկությունը, որ հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելելու է Ռուսաստան, մասնակցելու համար ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի նիստին: «Մենք պատրաստ չենք կոնկրետ ամսաթիվ նշել, սակայն պետքարտուղարը նախատեսում է մեկնել Մոսկվա, որպեսզի միջպետական հանձնաժողովում լինի համանախագահ եւ քննարկի երկկողմ հետաքրքրության մի շարք խնդիրներ: Ես կարծում եմ, որ այդ այցելությունը տեղի կունենա մոտավորապես հոկտեմբերի կեսերին, բայց մանրամասներ հաղորդել չեմ կարող»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իեն Քելլին:

Ավելի վաղ, պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացոցչի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին հայտնել էր, որ Քլինթոնի Մոսկվա այցելության ժամանակ նրան սպասում են լարված բանակցություններ, մասնավորապես կապված անվտանգության, էկոլոգիայի, գիտության, տեխնոլոգիաների եւ քաղաքացիական հասարակության խնդիրների հետ:

Նկատենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նախատեսում են ստեղծել համագործակցության նոր մեխանիզմ, որը նման կլինի «Չեռնոմիրդին-Գոր» հանձնաժողովին: Այդ հանձնաժողովի գործունեության մեջ, որը կգլխավորեն Հիլարի Քլինթոնն ու Սերգեյ Լավրովը, կընդգրկվեն բոլոր հիմնական թեմաները` տնտեսական, հումանիտար, քաղաքական, ինչպես նաեւ, հնարավոր է նաեւ ռազմա-ստրատեգիական եւ ատոմային էնեգետիկայի հետ կապաված խնդիրները: