Այսօր առավոտյան ժամը 9:30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ շարունակվում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդու, «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Վահագնի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, այսօրվա նիստում ցուցունք է տալու իր պաշտպանյալը: Նրա ներկայացմամբ, երեկվա դատական նիստի ժամանակ ցուցմունք տված երեք ոստիկանները, որոնցից երկուսը որպես վկա էին, երրորդը` այսպես կոչված «տուժող», իրար հակասող, ինչպես նաեւ իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել, որից հետո ինքը մեկ օր ժամանակ է խնդրել, որպեսզի իր պաշտպանական մարտավարության մեջ ներառի նաեւ այդ հակասական ցուցմունքները:

Հիշեցնենք, որ Վահագն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով' իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոտնձգություն: Համաձայն մեղադրանքի՝ նա 2009 թվականի ապրիլի 10-ին Հյուսիսային պողոտայում ծեծել է պարեկություն իրականացնող ոստիկանի:

Ինքը՝ Վ. Գեւորգյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվա դատավարության ժամանակ ցուցմունք տվող ոստիկանները այն աստիճանի հակասական ցուցմունքներ էին տալիս, որ անգամ դատախազը դա նկատեց եւ արձանագրեց, որ նրանց ցուցմունքները հակասում են նախաքննության շրջանում տրված իրենց ցուցմունքներին: Հարցին, թե ինչու է հատկապես իր հանդեպ հետապնդում իրականացվում, նա պատասխանեց. «Հավանաբար դա պայմանավորված է հորս` Հայկ Գեւորգյանի, մասնագիտական գործունեությամբ: Մյուս կողմից նրանք փորձում են դրանով կոտրել ու վախեցնել մեզ՝ ակտիվ երիտասարդներիս, բայց դա նրանց չի հաջողվելու: Դրա վառ վկայությունն այն է, որ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը այսօր առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարում»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի՝ երիտասարդները երթ են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ Վահագն Գեւորգյանը: