Հայաստանի գյուղնախարարությունը մթերող ընկերություններին կօգնի բերքի դիմաց վճարել ֆերմերներին։ Գործարանների համար նպատակային արտոնյալ վարկերի փորձնական փաթեթը հավանության արժանացավ օգոստոսի 3-ի ՀՀ կառավարության նիստում։

Նիստի ընթացքում գյուղնախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ վարկերը կտրվեն տարեկան 3 տոկոսադրույքով (որպեսզի հումք գնելու, պատրաստի արտադրանք ունենալու, վաճառելու եւ պարտքերը մարելու ժամանակ լինի)։

Այդ վարկերի տոկոսների սուբսիդավորման համար 70 մլն դրամ կհատկացվի (շուրջ 145 հազար դոլար), որոնք տնտեսվել են գյուղնախարարության այլ ծախսերից։ Դրա շնորհիվ կհաջողվի 2.4 մլրդ դրամի վարկեր սուբսիդավորել (յուրաքանչյուր ձեռնարկությանը՝ առավելագույնը 150 մլն)։

Առաքելյանը կրկին ընդգծեց, որ սուբսիդիաները հնարավոր կլինի ստանալ միայն ֆերմերներին վճարելու համար վարկերի դեպքում։ Բացի այդ՝ գումարները կտրվեն ոչ թե գործարաններին, այլ հենց ֆերմերներին (ուշացումներից խուսափելու համար)։

«Մենք ակնկալում ենք, որ վարկից կօգտվեն շուրջ 20 փոքր ու միջին ձեռնարկություններ»,- հավելեց գյուղնախարարը։