Վրաստանում անցած գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով քանդվել են մի քանի տասնյակ բնակելի տներ։ Անօթեւան մնացած մարդկանց որոշ ժամանակով կտեղավորեն վրաններում։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին է հայտնել առաջին փոխվարչապետ, տարածքային զարգացման նախարար Դավիթ Տկեշելաշվիլին, որը ներկայումս գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնում։
«Երկրաշարժից հետո Վրաստանի իշխանությունները տեղեկատվություն են ստանում բոլոր բնակավայրերից, մասնավորապես Օնսկի շրջանից ու Իմերեթիից։ Երկրաշարժը բավականին ուժեղ էր։ Վնասվել են մի քանի տասնյակ տներ»,- նշել է Տկեշելաշվիլին։
Ըստ նրա, տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով ներկայումս ստեղծվել է հատուկ խումբ։
Միաժամանակ, Ռաչա-Լեչխումի ու Քվեմո Սվանեթիի տարածաշրջաններում Վրաստանի նախագահի ներկայացուցիչ Դավիթ Գագոշիձեի տեղեկության hամաձայն, երկրաշարժի հետեւանքով բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն կան աննշան փլուզումներ։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, սեպտեմբերի 8-ի առավոտյան տեղի ունեցած առաջին երկրաշարժի հետեւանքով Օնսկի շրջանում մոտ 200 տներ դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Շրջանում ստեղծվել է արտակարգ շտաբ, երեքշաբթի երեկոյան այնտեղ սկսվել է անօթեւան մնացած ընտանիքների համար վրանների տեղադրումը։
Հիշեցնենք, որ թվով երկրորդ երկրաշարժը Վրաստանում տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 22։10-ին, որի ուժգնությունը, ըստ Ռիխտերի սանդղակի, կազմել է 6,2 բալ։ Վրաստանի սեյսմիկ դիտարկման կենտրոնի տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը կրկին գտնվել է Վրաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ռաչա Լանչխութի տարածաշրջանի Օնսկի շրջանում՝ Քութայիսի քաղաքից 80 կմ հեռավորության վրա։




























