Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում  Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են սկսել առանձին- առանձին գործել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

Իր ասածը հիմնավորելու համար նա որոշակի օրինակներ է ներկայացրել․

«Օրինակ ԱՄՆ-ն վերջերս նշանակել է Ուկրաինայի հարցով հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան։ Այսինքն եթե մինչ այդ Վաշինգտոնը ավելի շատ էր վստահում նորմանդական քառյակին, ասում էր՝ լավ է, գործընթացը շարունակվում է, ու եթե պետք լինի, ապա մենք կասենք մեր խոսքը, ապա հիմա նրանք ունեն իրենց հատուկ ներկայացուցիչը»,- պարզաբանել է Գրիգորյանը։

Խոսելով Հայաստանի համար այդ պատժամիջոցների մյուս հետեւանքների մասին՝ քաղաքագետը նշել է, որ Երեւանը ԵՏՄ անդամ է, իսկ Ռուսաստանը դրա գլխավոր շարժիչ ուժն է։ Ու եթե, հայ փորձագետի խոսքով, Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հարվածեն դրան, ու թուլացնեն ռուսական տնտեսությունը, ապա դա բնականաբար կարող է նաեւ Հայաստանի վրա ազդել։

«Եթե Ռուսաստանի տնտեսությունը դանդաղ զարգանա, եթե բյուջեն ավելի ցածր լինի եւ այլն, ապա հասկանալի է դառնում, որ Ռուսաստանը չի ունենա միջոցներ ԵՏՄ-ի զարգացման համար։ Իսկ դա նշանակում է, որ կամ  ծրագրված բազմաթիվ նախագծեր չեն իրականանա, կամ Ռուսաստանը կուժեղացնի պրոտեկցիոնիզմը»,- շեշտել է Գրիգորյանը, հավելելով միաժամանակ, որ այդ դեպքում Մոսկվան ստիպված կլինի պաշտպանել իր արտադրողներին ու իր աշխատուժը, ինչը անխուսափելիորեն կհարվածի Հայաստանի տնտեսությանը, որն իր հերթին ռուսական շուկայից ուժեղ կախման մեջ է գտնվում։