NEWS.am-ը ներկայացնում է WikiLeaks-ի կողմից բրիտանական The Guardian-ում հրապարակված, գաղտնազերծված ԱՄՆ դեսպանատան հերթական հեռագիրը։
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էդելմանը Աֆղանստանի նախագահ Քարզայի հետ նոյեմբերի 7-ի իր հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել նոյեմբերի 6-ին Բագլան նահանգում պայթյունի հետեւանքով զոհվածների կապակցությամբ։ Էդելմանը Աֆղանստանին կոչ է արել գործել ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի վերջ դրվի Իրանի կողմից «Թալիբան» շարժմանն աջակցելուն։
Այս կապակցությամբ Էդելմանը հարցրել է Քարզային, թե թալիբների վերջին հարձակումներում կարո՞ղ է Իրանի ձեռքի գործը լինել։ Նա հիշեցրել է Իրանից Աֆղանստան մաքսանենգ բազմաթիվ երթուղիների եւ «Թալիբանի» նորակոչիկների՝ Իրանում պատրասվելու մասին։
Քարզայը համաձայնել է, որ Իրանը ձգտում է ձախողել ԱՄՆ ջանքներն Աֆղանստանում։ Նա նշել է, որ Իրանն անհանգստանում է, որ Աֆղանստանը տարածաշրջանի համար կարեւոր տարանցիկ կենտրոն է դառնում եւ ցանկանում է սեփական շուկայի պաշտպանության համար կանխել Կենտրոնական Ասիայից բնական գազի ներմուծումը Հնդկաստան եւ Պակիստան։
Էդելմանը հարցրել է, թե ինչպե՞ս կարելի է ավելի լավ պայքարել Իրանի հետ, ընդգծելով. «Բրիտանական զինուժի կողմից խլված զենքն անհանգստություն է առաջացնում։ Արդյունավետ օգտագործելու դեպքում անգամ փոքր քանակությունը կարող է ռազմավարական արդյունք ունենալ։ Անհանգստություն են առաջացնում նաեւ Իրանից եկող զենիթահրթիռային համակարգերի մասին հաղորդագրությունները»։
Հղում անելով մարտ ամսին Իրանի մասին Քարզայի հետ խոսակցությանը, Էդելմանն ասել է, որ Իրանի միջամտությունը գնալով ավելի մահաբեր է դառնում: Ըստ նրա, դա բարդ հարց է եւ որ Աֆղանստանը ցանկանում է խուսափել երկու ճակատով պատերազմից, սակայն Իրանի գործողությունները, եթե դրա առաջը չառնվի, ցանկացած դեպքում, բերելու է երկու ճակատով պատերազմի: Նա ընդգծել է, որ Իրանի կողմից «Թալիբանին» մահաբեր աջակցությանը պետք է վերջ տրվի, քանի դեռ այն այդ աջակցությունը չի տարածվել նաեւ Իրաքում ապստամբների վրա:
Քարզայը համաձայնել է, որ Իրանին պետք է հակադրվել, հավելելով, որ դա պետք է արվի «արդյունավետորեն»: Նա ասել է. «Նրանք աջակցում են աֆղան եւ ամերիկացի զինծառայողներին սպանողներին, ուստի մենք չենք կարող լռել»:





























