Աստանայի հնգակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը կրկին փորձում է խոսել ուժի դիրքերից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Ադրբեջանի վարքը ցույց է տալիս, որ այդ երկիրը չի փոխել իր ապակառուցողական դիրքորոշումը եւ կրկին դիմում է մանր ու փոքր սադրանքների: «Ստացվում է, որ Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում հարցի կարգավորում: Այն հարցադրումները, որ ինքը դրել է, միանշանակ է, որ հայկական կողմերի համար անընդունելի են: Չեն կարող լինել միակողմանի զիջումներ, փոխզիջում հնարավոր է, միակողմանի` ոչ: Երկրորդ ճանապարհը ռազմականն է, բայց Աստանայում բոլորի կողմից միանշանակ հայտարարվեց, որ դա անընդունելի է, մասնավորապես, դա հստակ հայտարարեց Ռուսաստանի նախագահը եւ մեր նախագահն էլ շատ հստակ հենց Աստանայում ձեւակերպեց դա»,- ասել է Քոչարյանն ու հավելել. «Այսինքն, ռազմական լուծման գնալը բացառում են բոլոր միջնորդ երկրները եւ ուժային կենտրոնները, իսկ հայկական պետությունները պատրաստ են նմանատիպ արկածախնդրության դեպքում հակահարված տալ»:
Բա ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը, հարց է տալիս Քոչարյանն ու ինքն էլ պատասխանում. «Մնում է մեկ բան ենթադրել. իրենց պետք չէ հարցի կարգավորում: Ինչո՞ւ, որովհետեւ այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք սրտի, առաջարկում է միայն մեկ եղանակ ` հակահայկականությունը, այլ ձեւ չկա: Կարելի է հիշատակել ինքնության հաստատման երկրորդ փորձը` այսպես կոչված, մեկ ազգ, երկու պետություն, բայց Wikileaks-ի վերջին բացահայտումներից հետո եւս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովրդին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում»,- նշել է Քոչարյանը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միասին հայտարարություն էին տարածել՝ ամրագրելով հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, սակայն հաշված ժամեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական ռազմատենչ հայտարարություններն էր արել: Նա նաեւ հրաժարվել էր Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ նախապես ծրագրված հանդիպումից:





























