Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի հարցը: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, լսվելու է զեկույց Հայաստանի կողմից 1677 բանաձեւի կատարման ընթացքի վերաբերյալ։

ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, թե իր կանխատեսմամբ՝ հանձնաժողովը այս նիստում դժվար թե Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ի աշնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկելու որոշում կայացնի։

«ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում սովորաբար որոշվում է լիագումար նիստի վերջնական օրակարգը. թե արդյոք Հայաստանի հարցը օրակարգ կարող է մտնել, թե ոչ։ Տեղյակ լինելով ԵԽԽՎ-ում առկա տրամադրություններին, ես չեմ կարծում, որ այս անգամ Հայաստանի հարցը լիագումար նիստ կմտնի»,- ասել է Արման Գրիգորյանը։

Ի դեպ, մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանում տիրող իրավիճակը ԵԽԽՎ-ում ներկայացնելու է հայաստանյան պատվիրակությունը գլխավորող Դավիթ Հարությունյանը: Նիստին մասնակցում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որն իբր ներկայացնում է ընդդիմությունը: Պատճառաբանելով, թե ընդդիմությունից ներկայացուցիչ կա, ԵԽԽՎ-ի քարտուղարությունը մերժել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հրավեր ուղարկելու դիմումը։