Արմավիրի մարզում 2016թ. դեկտեմբերի 16-ին 2 մարդու մահվան ելքով վթարի համար 4.5 տարվա ազատազրկման դատապարտված սերբ վարորդը հրաժարվել է Վերաքննիչ քրեական դատարան դիմել:
NEWS.am-ի տեղեկություններով, սերբ Լյուբիշա Ստանիսավլիեւիչը չի ցանկանում Վերաքննիչ դիմել, քանի որ հույս ունի՝ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո արտահանձնվել Սերբիա:
Նշենք, որ տուժող կողմը բողոք չունի, քաղաքացիական հայց նույնպես չի եղել:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 16-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար եւ երեք այլ մարդատար մեքենաները:
Բախման հետևանքով մեքենաներից մեկը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարներն այնտեղից դուրս են բերել վարորդին` 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, որոնք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանը 5 օր անց հիվանդանոցում մահացել է: Նրանք ամուսիններ էին:




























