Ղարաբաղյան հարցի լուծման ձգձգման պատճառը ԵԱՀԿ-ի վրա բարդելն այնքան էլ ճիշտ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասպանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԵԱՀԿ-ն չի կորցրել իր կենսունակությունը եւ այն արդիականացնելու խնդիր է առաջացել: «Այդպես կարծել, նշանակում է ասել, որ բաժակը կիսով չափ դատարկ է, անտեսելով, որ բաժակը կիսով չափ լինքն է: Եթե չլինեին ԵԱՀԿ-ն եւ դրա միջնորդությամբ ընթացող բանակցությունները, ես համոզված եմ, որ մենք 16 տարվա խաղաղությունը չէինք ունենա»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը: Մանոյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ի գլխավոր առաքելությունը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովումն է եւ այն այդ առաքելությունն իրականացնում է անկախ այն բանից, թե իր անդամ պետությունները պաշտպանական ի՞նչ համակարգերի են անդամակցում:
Մանոյանը միաժամանկ հավելեց, որ ԵԱՀԿ-ն պետք է բարենորոգվի եւ թարմ արյուն ստանա: «Այն, որ 10 տարի է՝ տեղի չէր ունեցել գագաթաժողովը, չի խոսում այդ կառույցի կենսունակության մասին: Բայց որ արդեն ԵԱՀԿ-ն սպառել է ինքն իրեն՝ այդքան էլ ճիշտ չէ, քանի որ սառած կլիներ, եթե ասպարեզում լիներ նույն գործառույթները կատարող այլընտրանքային այլ կառույց»:
Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ հանդես գալով ԵԱՀԿ գագաթաժողովում, հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ն սկսել է սպառել իր պոտենցիալը եւ արդիականացման կարիք ունի: Նա նաեւ նշել էր, որ Ռուսաստանն իր գործընկերների համահեղինակությամբ ԵԱՀԿ-ի նոր կանոնադրության նախագիծ եւ դրա կառույցների գործունեության կարգավորման առաջարկներ է ներկայացրել:




























