ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի «կրակի ու բարկության» մասին իր բառերով փորձում էր հզոր հաղորդագրություն ուղարկել՝ ԿԺԴՀ-ի սպառնալիքներին ի պատասխան։ Այս մասին լրագրողներին Թիլերսոնն ասել է Գուամ կղզու ճանապարհին, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմակայանը, որին Փհենյանը սպառնում է հարվածել։

«Ես համարում եմ, որ նա հզոր հաղորդագրություն է ուղարկել Հյուսիսային Կորեային այն լեզվով, որը հասկանում է Կիմ Չեն Ընը»,- նշել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

Թիլերսոնը շեշտել է, որ Կիմ Չեն Ընը, որին ԱՄՆ-ն համարում է հյուսիսկորեական բռնապետ «կարծես դիվանագիտական լեզուն չի հասկանում»։

Օգոստոսի 9-ի լույս գիշերը Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հայտնել են, որ իրենք դիտարկում են Գուամ կղզու շրջանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ եթե ԿԺԴՀ-ն շարունակի սպառնալ ԱՄՆ-ին, ապա նրան սպասում է Վաշինգտոնի «կրակն ու բարկությունը»։

Գերմանիայի իշխանությունները արդեն Ռուսաստանին ու Չինաստանին կոչ են արել համոզել Հյուսիսային Կորեային հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն հակամարտության էսկալացիայի։