Լոռու մարզի Արդվի գյուղում ոսկու արդյունահանման ծրագրի իրականացումը կապված է բացառապես գյուղացիների որոշումից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Եթե գյուղացիները  դեմ են, առավել եւս պետք է հանրային քննարկում լինի, հանրային լսումներ լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Արդվիի գյուղապետը ոսկու շահագործման պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ ճնշումներ են գործադրվում, Արթուր Նալբանդյանը նշեց, որ նման բան չկա. «Ո՞վ է ասում՝ հրաժարականի դիմում է գրել, իմ տեղեկություններով, գյուղապետը ավագանու հետ ունեցել է նմանատիպ խնդիրներ, խոսակցություններ, բայց նման բան տեղի չի ունեցել: Ինչպես  գյուղապետը, այնպես էլ գյուղի բնակիչները, ավագանին ունեցել են ընդհանուր որոշում, եւ որեւէ մեկը գյուղապետին այս առումով չէր կարող ճնշել»: 

Նշենք, որ տեղեկություններ կան, թե ոսկու հանքն իրականում պատկանում է ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին: Մարզպետը վստահեցրեց՝ ապատեղեկատվություն է:

«Վահրամ Բաղդասարյանը հաստատ այդ «Միռամ» ընկերության հետ որեւէ կապ չունի, ես տեղյակ էլ չեմ, առաջին անգամ եմ լսում, բայց նորից եմ ասում՝ հանքի շահագործումը թույլ տվողները, որոշողը ժողովուրդն է»,- ասաց նա:

Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանը նույնպես մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա, սակայն, նշեց, որ դիմել էր ավագանուն, քանի որ հանգստի կարիք ուներ:

«Սա հանքի հետ ոչ մի կապ չունի, մարդ եմ, չեմ կարո՞ղ անձնական խնդիրներ ունենալ, հիվանդություն ունենայի՞, ո՞վ պետք է ինձ վրա ճնշում գործադրեր, չկա նման բան»,- ասաց Սամվել Կիրակոսյանը:

Հարցին՝ ի վերջո ճիշտ են տեղեկությունները, որ ոսկու հանքն իրականում շահագործում է Վահրամ Բաղդասարյանը, գյուղապետը պատասխանեց. «Ես խնդրում եմ պառակտիչ հարցեր ինձ չտալ, կա «Միռամ» ընկերություն, որի անունները դուք գիտեք, կարող է՝ մեկը մեկի հետ ծանոթ է, ընկեր է, բարեկամ է, բայց ես չեմ հետաքրքրվել, չեմ իմանում»:

Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանն ավելի վաղ նույնպես հերքել էր իր առնչությունը ոսկու հանքին: