«Ժամանակ»-ն իր առաջնորդողում անդրադարձել է Wikileaks-ի հրապարակումներին՝ գրելով. «Վատ չէր լինի, որ մի տեղական նշանակության «վիկիլիքս» էլ Հայաստանում կատարվեր եւ պարզ դառնար, թե ինչ են մտածում Հայաստանյան սուբյեկտները միմյանց մասին: Դա հատկապես հետաքրքիր կլիներ իշխանության մասով, երբ, ասենք, հրապարակվեին նամակներ, որտեղ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնում Սերժ Սարգսյանի մասին, կամ Հովիկ Աբրահամյանը` Տիգրան Սարգսյանի, կամ Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի, եւ այդպես շարունակ: Կասկած չկա, որ այդ ամենը պակաս հետաքրքիր չէր լինի, քան համաշխարհային «վիկիլիքսը»:
Նման նամակագրության բացահայտումը կարող էր իսկական ամպրոպ լինել խաղաղ երկնքում, քանի որ բոլորի համար պարզ կդառնար, որ իրականում իրար հետ ուտող-խմող, հասարակության քվեն կեղծող, իշխանությունն ուզուրպացրած պաշտոնյաները, օլիգարխներն ու նրանց հարազատ-բարեկամները իրականում ուղղակի տանել չեն կարողանում միմյանց, եւ նրանց միավորող որեւէ մարդկային բան պարզապես գոյություն չունի, այլ կապող օղակը միայն փողն է եւ իշխանությունը, որն էլ ձեռք է բերվում եւ պահպանվում է համատեղ հանցանքի միջոցով:
Սակայն, մյուս կողմից, երեւի թե նմանօրինակ արտահոսքերից զերծ մնալու համար էլ Հայաստանի իշխանավորները սեր չունեն գիր ու գրականության հանդեպ`լինի դա թղթային, թե համակարգչային տեսքով: Բայց երեւի թե քիչ է մնացել սպասելու: Ամեն համապետական ընտրություն Հայաստանում վերածվում է յուրօրինակ «վիկիլիքսի», եւ իշխանության մեջ գտնվողները սկսում են իրար ինչ ասես ասել, մեղադրել երկրի ծանր վիճակի համար, պատասխանատու համարել աղքատության, տնտեսական եւ սոցիալական բարդ իրավիճակի, անիրավությունների եւ անօրինականության, կոռուպցիայի համար: Ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանության մաս կազմող կամ իշխանությանը կից գործող քաղաքական ուժերից ամեն մեկը վերածվում է յուրօրինակ «վիկիլիքսի» եւ եթե դուրս չի թափում ամբողջը, ապա գոնե ճշմարտության զգալի մասը հանում է մեջտեղ: Բայց ընտրությունների հետ մեկտեղ ավարտվում է նաեւ վիկիլիքսացիան, եւ սկսվում է վերալիցքավորումը, մինչեւ հաջորդ «վիկիլիքս»: Այնպես որ, WikiLeaks-ը աշխարհին կարող է զարմացնել, իսկ մենք նման բաներ շատ ենք տեսել եւ դեռ կտեսնենք»:




























