Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը թերթի հետ զրույցում անդրադարձել է Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովին: Հարցին, թե ինչու հնարավոր չեղավ գործողության ծրագրի շուրջ համաձայնության հասնել, նա պատասխանել է. «Եթե համաձայնության հասնելն այդքան հեշտ լիներ, վերջին 11 տարվա ընթացքում գագաթաժողով կանելին, էլի: Ինչու՞ չեք հարցնում՝ ինչու՞ 11 տարի շարունակ գագաթաժողով չի եղել: Չի եղել, որովհետեւ այդ հարցերի պատասխանները չկան: Եւ, ի վերջո, այս գագաթաժողովի հրավիրելը դեմք փրկելու ձեւ էր: Դա պետք էր Ղազախստանին, որը մտածում է ապագայում Եվրասիական ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ՝ դրսեւորվելու հնարավորություն ստանալու համար: Իսկ ի՞նչ եղավ. ի վերջո, ոչ ոք ոչինչ չստացավ: 10 կետ են գրել, որից ութը ոչինչ չի ասում»:
Արզումայնյանը նաեւ նշել է. «Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն: Ակնհայտ է, որ այդ մոտեցումների տարբերությունը վերջին 10 տարիներին թույլ չի տվել գագաթաժողով հրավիրել: Ակնհայտ է նաեւ, որ այս անգամ էլ փոխհամաձայնություն չեղավ, եւ գագաթաժողովը, ի վերջո, ստիպված եղան գեղեցիկ ձեւակերպումներով սահմանափակվել: Իսկ գագաթաժողով հրավիրելու իմաստը կար, եթե, իհարկե, մենք մի պահ զերծ մնանք այդ մտայնությունից, որ աշխարհի կենտրոնը մենք ենք: Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան լուրջ հարցեր են լուծում եւ այս տարիների ընթացքում քայլ առ քայլ կարողանում են այդ հարցերի պատասխանները ստանալ: Հիմա, այս ընթացքում ինչ հարցեր նրանք լուծեցին՝ միանշանակ դժվարէ ասել: Բայց որ հարցեր կան, որոնք լուծեցին, եւ հարցեր կան, որոնք դեռ պատասխանի կարիք ունեն՝ ակնհայտ է, եւ դա ժամանակը ցույց կտա»:




























