Հայաստանի ժողովրդական կուսակցության 7-րդ համագումարն անցնում է Հայաստանի համար հետաքրքիր ժամանակահատվածում, երբ երկրում համատարած ճահճացում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած ՀԺԿ համագումարում հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ երկիրը չունի կառավարման համակարգ, եւ Հայաստանն ապրում է վիրտուալ իրավիճակում: «Հայաստանն ունի Տիգրան Սարգսյան, բայց չունի վարչապետ, ունի Ալիկ Սարգսյան, բայց չունի ոստիկանապետ, ունի Էդվարդ Նալբանդյան, բայց չունի ԱԳ նախարար: Ունի անվտանգության խորհուրդ, բայց անունը չեմ տալիս, քանի որ ղեկավար չունի»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի գլխավոր ողբերգությունն այն է, որ երկրի կառավարման ղեկը ստանձնել են մարդիկ, ովքեր սովետական կարգերի ժամանակ զբաղվել են պրոպագանդայով՝ պաշտոն զբաղեցնելով ագիտպրոպի համակարգում: «Եւ այդ նույն ղեկավարներն այսօր հորթային հրճվանքով պրոպագանդում են Աստանայում ԼՂ խնդրի վերաբերյալ ընդունված փաստաթուղթը: Հայաստանն այսօր ապրում է վիրտուալ իրականության մեջ: Սակայն կա մի պայծառ կետ, որը դուք եք՝ հասարակությունը»,- նկատեց Կարապետյանը եւ հավելեց, որ եթե ՀԱԿ-ը մինչեւ վերջ չտանի իր պայքարը՝ ապա կկորցնի հասարակությանը:





























