Հայաստանում երկու քաղաքական գործիչ կա, ովքեր, վերադառնալով քաղաքականություն, չեն դավաճանել իրենց սկզբունքներին եւ իրենց ետեւից տարել են ժողովրդին: Մեկը Կարեն Դեմիրճյանն է, մյուսը՝ Հակոբ Լեւոնի Տեր-Պետրոսյանը:
Այս մասին ՀԺԿ 7-րդ համագումարում հայտարարեց «Ժողովրդական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը: Նա, ինչպես արդեն նկատեց ընթերցողը, լեզվի սայթաքում թույլ տվեց՝Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը շփոթելով հայրանվան հետ: Վարդան Գրիգորյանի լեզվի սայթաքումը հարուցեց դահլիճում ներկա գտնվողների, այդ թվում՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծիծաղը: ԺՈՒԿ փոխնախագահը փորձեց արդարանալ, թե սրտից բխած անկեղծ խոսքեր ասելու դեպքում սայթաքումներն անխուսափելի են: Իսկ ելույթի վերջում մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սեղմեց ձեռքն ու շիկնած դեմքով կրկին ներողություն խնդրեց: Տեր-Պետրոսյանը պատասխանեց մեծահոգաբար ժպտալով:





























