Աջարիայում՝ վրաց-թուրքական սահմանին, Սարպիի մաքսային կետի շինարարության փլուզման հետեւանքով 4 մարդ է տուժել։ Ինչպես հայտնում է «Կավկազ-Պրեսսը», վերանորոգման ժամանակ մաքսատան շինության մի մասը քանդվել է։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ուր նրանց շտապ բուժօգնություն է ցուցաբերվել։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիվանդանոց է այցելել Աջարիայի առողջապահության նախարարը։ Սարպիիի մաքսային տերմինալում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Պաշտոնատար անձինք մեկնաբանություններ չեն անում։
Իրենք՝ տուժածները, հայտարարում են, որ աշխատանքների կատարման ժամանակ քանդվել է պատը։





























