Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով՝ մնչեւ հոկտեմբերի վերջ։ Այս մասին Turan –ին հայտնել է փաստաբան Նեմաթ Քերիմլին։

Մուխթարլըի խոսքով՝ մայիսի 29-ին ինքն առեւանգվել է Թբիլիսիում եւ Ադրբեջան ուղարկվել, որտեղ նրան մեղադրել են սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության եւ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցուցաբերելու մեջ։

Այսօր Մուխթարլըն կրկին հայտարարել է, որ կալանավորված է  քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ կոռուպցիայի վերաբերյալ լրագրողական հետաքննության համար՝ կապված Ադրբեջանի իշխանական վերնախավի հետ։ Նրա նյութերը հրապարակվել են Meydan.tv-ում։ «Ադրբեջանի իշխանությունները չեն կարող կալանավորել կայքի ղեկավար Էմին Միլիին, որը Գերմանիայում է ապրում, այդ պատճառով ինձ առեւանգեցին Թբիլիսիից»,-ասել է լրագրողը։ 

Փաստաբանի խոսքով՝ մեկ ամիս առաջ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ադրբեջանական կողմին՝ խնդրելով հարցաքննել Մուխթարլըին։ Սակայն ադրբեջանական կողմն այդ դիմումին դեռ չի պատասխանել։