Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հրավերով պաշտոնական այցով Լոզան են մեկնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Ինչպես հայտնում են օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղարությունից, նրանք ՄՕԿ-ի շտաբ կայանում քննարկել են երկուստեք համագործակցության մի շարք հարցեր:
Ժակ Ռոգեն բարձր է գնահատել Հայաստանի սպորտում կատարվող աշխատանքները: Տեղյակ է նաև մարզահանգրվանների կառուցման և վերանորոգման, ժամանակակից մարզագույքի ու հանդերձանքի ձեռք բերման աշխատանքներին, Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարերի մասին, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաջողություններին:
ՀԱՕԿ-ի նախագահ Գ.Ծառուկյանն առաջարկել է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի և միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստեր անցկացվեն նաև Հայաստանում, քանզի կան համապատասխան բոլոր պայմանները: Ծառուկյանը նաև ընդգծել է, որ միջազգային պայմաններին համապատասխանող մարզակառույցներ կան, որոնցում կարելի է անցկացնել ցանկացած մասշտաբի մրցումներ: Նա նաև ցանկություն է հայտնել, որ օլիմպիական պատանեկան երրորդ խաղերն անցկացվեն Հայաստանում:
Ժակ Ռոգեն հավաստիացրել է, որ աստիճանաբար ավելի կամրապնդվի ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի համագործակցությունը, որի արդյունքում կաշխուժանա մարզական կյանքը Հայաստանում:




























