«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 23-ին, սկսվեց 30 րոպե ուշացումով:

Նիստը սկսվելուց անմիջապես հետո «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Նա նշեց, որ չնայած իր պաշտպանյալն արդեն մի քանի անգամ դիմում է ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խնդրելով իր դատարան չտանել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի կարգադրությամբ այսօր նրան բերել են դատարանի շենք՝ հաշվի առնելով, որ դահլիճից 10 ժամով հեռացված Եղնուկյանն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողանում այսքան երկար մնալ նկուղում:

«Մարդը բարձրագույն արժեք է, սակայն դատարանի կողմից արված այս քայլը նշանակում է, որ նախագահող դատավորը չի հարգում մարդու իրավունքները, ոտնահարում է իմ պաշտպանյալի արժանապատվությունը»,- ասաց պաշտպանը:

Տիգրան Հայրապետյանի այս միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպանները: Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը եւս հեռացված է նիստերի դահլիճից, սակայն նրան եւս բերել են դատարանի շենք, որտեղ 8 ժամ պետք է անցկացնի: Ըստ պաշտպանի, դատարանը հաշվի չի առնում, թե առողջական ինչ լուրջ խնդիրներ ունի Պավլիկ Մանուկյանը:

Մեղադրող Հայկ Պետրոսյանն առարկեց Տիգրան Հայրապետյանի այս միջնորդությանը՝ նշելով, որ դատարանն իրավունք ունի ամբաստանյալներին տեղափոխել դատարան, կատարել գործողություններ այն ժամանակ, երբ սանկցիա է նրանց նկատմամբ կիրառված: Նրա գնահատմամբ, Հայրապետյանի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մեկ ժամից:

Նշենք, որ այսօրվա նիստին դատարանի շենք չկարողացավ մտնել Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց, որից հետո դատական կարգադրիչները պահանջեցին բացել պայուսակը, սակայն Ալումյանը հրաժարվեց: Կազմվեց արձանագրություն այն մասին, որ Հայկ Ալումյանը հրաժարվում է բացել պայուսակը, որից հետո նրան թույլ չտվեցին մտնել դատարան: Այսօրվա նիստին ներկա չեն նաեւ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Մուշեղ Շուշանյանը, Արա Զաքարյանը, Սյուզաննա Խչեյանը եւ Դավիթ Գյուրջյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ միայն Դավիթ Գյուրջյանն է դատարան գրություն ուղարկել, որ գտնվում է արձակուրդում: Բացակա մյուս փաստաբանների մասին, ըստ դատավորի, որեւէ տեղեկություն չունեն:

Այսօրվա նիստում լրացավ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի նկատմաբ կիրառված դատական սանկցիա ժամկետը եւ նա բերվեց նիստերի դահլիճ: Նիստին ներկա չեն ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը եւ Սմբատ Բարսեղյանը: Նրանց նկատմամբ ավելի վաղ դատարանը սանկցիա էր կիրառել եւ հեռացրել նիստերի դահլիճից: