Այսօր Իրանի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Իրանի իշխանությունները աշխարհի առաջատար տերություններին կներկայացնեն առաջարկների փաթեթ, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա բանակցությունների համար: Նման փաթեթի գոյության մասին երեկ երեկոյան հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ ԱՄՆ-ին ու Եվրոպական երկրներին անհանգստացնում է Իրանի միջուկային ծրագիրը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 պետությունների եւ Գերմանիայի դիվանագետներին ներկայացվելու են պաշտոնական Թեհրանի պատրաստած առաջարկները, որոնք, ըստ նրա, «հնարավորություն կտան համատեղ ուժերով դիմակայել գլոբալ մարտահրավերներին»: Ահմադինեջադը, սակայն, նշել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պաշտոնական Թեհրանը որեւէ արտաքին ուժի հետ բանակցել չի պատրաստվում: