«Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում` Կանանց իրավունքների կենտրոնն այսօր` դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ից Սիլիկյան Գ3 թաղամասի ծառուղիում ծառատունկ է կազմակերպվել` նվիրված ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հիշատակին:
Ծառատունկից հետո կանցկացվի «Սպիտակ ժապավեն» խորագրով քարոզարշավ, որի ժամանակ տղամարդ անցորդներին կբաժանվեն սպիտակ ժապավեններ` ի նշան կանանց նկատմամբ բռնության վերացմանը ամբողջ աշխարհում:
Սպիտակ ժապավենի քարոզարշավը նվիրված է 1989թ. դեկտեմբերի 6-ին Մոնրեալում հակաֆեմինիստ տղամարդու կողմից սպանված 14 ուսանողուհիների հիշատակին:
Քարոզարշավը սկիզբ է առել Կանադայում 1991թ., այնուհետեւ տարածվել է` դառնալով կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված տղամարդկանց ամենածավալուն միջազգային շարժումը: Այն սկսվում է նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը եւ ավարտվում դեկտեմբերի 6-ին` Կանադայում հիշատակման եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային օրը:




























