Քիչ առաջ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հերթական քաղբանտարկյալը` 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո կալանավորված Գաբրիել Գաբրիելյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան դիմավորելու էին եկել հարազատները, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները: Դիմավորողների շարքում էր նաեւ Վարդան Ջհանգիրյանը:
Գաբրիել Գաբրիելյանը ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ այսքան ժամանակ ազատարկվելն իրեն չի կոտրել, եւ որ ինքը պայքարելու է մինչեւ վերջ: «Ոչ մի ներման դիմում ես չեմ գրել, քանի որ որեւէ հանցագործություն չէի գործել, որ ստիպված լինեի ընդունել իմ մեղքը»,- ասել է նա:
Նշենք, որ 51-ամյա Գաբրիել Գաբրիելյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի ազգականն է, «Մալաթիա գյուղմթերքի շուկայի» պահեստապետն է եղել:
Նա ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 2008 թվականի ապրիլի 15-ին, որտեղ 2 օր պահվել է ապօրինաբար` առանց մեղադրանք ներկայացնելու:
Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 225 հոդվածի 1 մասի հատկանիշներով (զանգվածային անկարգությունների կազմակերպում):
Գաբրիել Գաբրիելյանին ազատ արձակելուց հետո, քաղբանտարկյալների թիվը Հայաստանում նվազեց մեկով եւ հասավ 10-ի:




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի



























