Ջավախքի ռուսական ռազմակայանի հետ տեղի որոշ բնակիչներ ունեցել են շփումներ, բայց դրանք եղել են անձնական բնույթի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, որը մեկնաբանել է Wikileaks-ի հրապարակած Վրաստանում ամերիկյան դեսպան Ջոն Թեֆթի 2007թ. հուլիսի հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը էթնիկ բախումներ է սադրում Վրաստանի հայաբնակ Ջավախքում:
Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ հայ համայնքի ղեկավարներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են տեղեկությունները, թե ռուսական կառավարությունը ֆինանսավորում է ծայրահեղ ազգայնական էթնիկ հայերին: Մինասյանը նշում է, որ տվյալ դեպքում խոսք չի եղել Վրաստանում չգրանցված հայկական «Վիրք» կուսակցության մասին:
«Բացի այդ, քանի որ պաշտոնական Երեւանը շատ լուրջ քաղաքական ազդեցություն ունի Ջավախքի հասարակական-քաղաքական շարժումների վրա` Ջավախքում որեւէ լուրջ շարժումներ չեն եղել: Փորձերի մասին եւս տեղեկություններ չկան: Նույնիսկ, եթե ռուսական հատուկ ծառայությունները փորձեին ազդել տեղի բնակչության վրա` ամեն ինչ կկասեցվեր պաշտոնական Երեւանի գործողություններով»,- կարծում է Մինասյանը:
Նա վստահ է, որ ռուսական հատուկ ծառայությունների սադրանքները Ջավախքում ուղղված կլինեին առանձին քաղաքական շարժումների վրա, բայց ոչ «Միացյալ Ջավախքի» կամ «Վիրքի» վրա:
«Ակնհայտ է, որ Ջավախքի ռուսական ռազմակայանը կարեւոր քաղաքական եւ տնտեսական գործոն էր տարածաշրջանում, քանի որ տեղի բնակչության գլխավոր գործատուն էր: Հետեւաբար` ռուսական հատուկ ծառայությունների համար հեշտ էր գտնել առանձին մարդկանց տեղի բնակչությունից` էթնիկ բախումներ սադրելու համար», - նշեց Մինասյանը:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Wikileaks-ի հրապարակած փաստաթղթում Վրասանում ԱՄՆ դեսպանը նշում էր, որ «Թբիլիսիի եւ Ախալքալաքի պաշտոնյաները հաստատել են, թե ռուսական կառավարությունը ֆինանսավորում է ծայրահեղ ազգայնականների` բազմաէթնիկ եւ քաղաքականապես փխրուն տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով: Լարվածությունը գագաթնակետին է հասել 2006թ. գարնանը, երբ Ախալքալաքում տեղի ունեցան բողոքի ցույցեր, իսկ Ծալկայում հայ սպանվեց: Ախալքալաքից ռուսական ռազմակայանի դուրս բերումից հետո լարվածությունը թուլացել է, ինչը հիմք է տալիս վստահել վրացական ղեկավարության պնդումներին, որ սադրանքների հեղինակները կապ են ունեցել ռուսական ռազմակայանի հետ».





























