«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլը խուճապ է առաջացրել իշխանությունների մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Մեկնաբանելով իր կուսակցության առաջնորդի հրաժարականը՝ Սաֆարյանն այն բացատրել է ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ Հովհաննիսյանի տեսլականով, այդ թվում նաեւ հայ-թուրքական հարաբերություններով, ներքաղաքական իրողություններով ու 2008թ. մարտի 1-ից հետո երկրում ստեղծված իրավիճակով:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչու այդ դեպքում «Ժառանգության» մյուս պատգամավորները չեն հրաժարվում մանդատից, երբ իրենց առաջնորդը հրաժարվել է, Սաֆարյանը հիշեցրեց, որ իրենք դեռ անցած տարի են վարչությունով որոշել, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը Ազգային ժողովում: «Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը արհամարհել է վարչության որոշումը» հարցին Սաֆարյանը պատասխանեց. «Մեր որոշումը որեւէ մեկին չի արգելելու հայտնել իր անձնական կարծիքն ու հրաժարական ներկայացնել»: Ավելին, ըստ Սաֆարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մնալու է քաղաքական դաշտում եւ առավել մեծ դերակատարում է ունենալու: Իսկ վերջում էլ, մեկ անգամ եւս անդրադառնալով «Ժառանգության» պատգամավորների՝ մանդատներից չհրաժարվելու խնդրին, նկատեց. «Ազգային ժողովը ճահիճ է, որտեղ ես երկար ժամանակ չէի ցանկանա մնալ»: