Ավելի քան 6 տարի «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը (www.fio.am) կրթական ծրագրեր է իրականացնում մանկատների, հատուկ դպրոցների եւ կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» ակցիայի շրջանակներում կազմակերպությունը ամանորյա հյուրասիրություններ եւ այցելություններ է իրականացնում Երեւանի ու մարզերի մանկատների, հատուկ դպրոցների եւ կարիքավոր ընտանիքների երեխաների համար:

Այս առնչությամբ, «Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունն իր հաղորդագրության մեջ նշում է. «Մոտենում են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոները, երբ հավաքվում ենք միասին` հարազատների ու մտերիմների ջերմությամբ շրջապատված դիմավորելու Նոր տարին, երբ փոքրիկները սպասում են Ձմեռ պապիկի նվերներին...

Իսկ գիտե՞ք, որ կան մանուկներ, ում Ձմեռ պապիկը չի այցելում: Երեխաներ, ովքեր չգիտեն` ինչ է ընտանեկան ջերմությունը: Փոքրիկներ, ում համար Նոր տարին որեւէ հրաշք չունի...

Ուզո՞ւմ եք օգնել` ամանորյա հեքիաթը իրականություն դարձնելու այս երեխաների համար: Ուզո՞ւմ եք զգալ, որ ինչ-որ տեղ կան երեխաներ, ում կյանքերում ամանորյա հրաշք է տեղի ունեցել` հենց ձեր շնորհիվ:

Դուք նույնպես կարող եք օգնել երեխաներին: Իսկ միասին ամեն ինչ կարող ենք:

Ինչպես եւ ամեն տարի, ամանորյա միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվելու են թափանցիկ եւ բոլոր աջակիցների համար հասանելի տարբերակով, իսկ աշխատանքների ավարտից հետո հաշվետվություն է տեղադրվելու մեր կայքում (www.fio.am)»: