Հայ համայնքի ոչ մի ներկայացուցիչ աղջնակ էլ ծեծի չի ենթարկվել եւ չի ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի լրագրողներից մեկը՝ Կարինեն: «Ի սկզբանե, Իրանի վերաբերյալ սխալ ինֆորմացիա է տեղ գտել լրատվական կայքում, եւ ընդհանրապես նման միջադեպ տեղի չի ունեցել: Դա ապատեղեկատվություն է»,-ասաց նա:
Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով NCR-Iran.org-ը, դեկտեմբերի 3-ին վաղ առավոտյան իրանական Սպահան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները դաժանաբար ծեծել եւ ձերբակալել էին տեղական հայ համայնքի 14-ամյա մի ներկայացուցչուհու: Վաղ առավոտյան աղջկան կանգնեցրել էին Կորպուսի պահապանները եւ հայտարարել, թե նա «ոչ պատշաճ է հագնված»: Զինվորականները ցանկացել են ձերբակալել աղջկան, վերջինս, սակայն, դիմադրություն է ցույց տվել: Աղջկան օգնության են շտապել այլ դեռահասներ, որոնք փորձել են համոզել Կորպուսի պահապաններին՝ չձերբակալել աղջկան:
Պահապաններին օգնության են հասել հատուկ ծառայությունների գործակալները, որոնք ցրել են երիտասարդներին, իսկ աղջկան դաժան ծեծի ենթարկել եւ ձերբակալել:
NEWS.am-ն այս մասին վերոնշյալը ճշտելու եւ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմել է նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատուն: Առայժմ, սակայն մեր դիմումին պատասխան չի տրվել:





























