Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջը շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում արժեւորում է անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված ամուր միջպետական կապերի հաստատումը՝ նշելով, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն եւ լայն իրավապայմանագրային դաշտ:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորում է վերջերս Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Հաիդ Անսարիի այցը Հայաստան, որը նոր խթան է հաղորդել տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերություններին՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ հետագա բարձր մակարդակի փոխադարձ այցերն էապես կնպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնմանը:

Հայաստանի եւ Հնդկաստան միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Հնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա սերտ հարաբերությունները հիմնված են երկու հազարամյակից ավելի պատմություն ունեցող պատմա-մշակութային կապերի վրա:

Արտգործնախարար Սուարաջը ընդգծել է Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի հետ հարաբերություններն առավել խորացնելու եւ համագործակցության նոր բնագավառներում կապեր զարգացնելու ուղղությամբ: